Posted in Uncategorized

Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները

Արտաքին քաղաքականությունն այն գործողություններն ու որոշումներն են, որոնք պետությունը կատարում է այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններ կառուցելու համար։ Այն ձևավորվում է երկրի շահերից, անվտանգության կարիքներից, տնտեսական հետաքրքրություններից և միջազգային պայմաններից ելնելով։ Հայաստանում արտաքին քաղաքականությունը հիմնականում ղեկավարվում է Սահմանադրությամբ, Ազգային ժողովի որոշումներով և կառավարության ծրագրերով։ ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակներն են՝ պահպանել երկրի անկախությունն ու անվտանգությունը, նպաստել խաղաղությանը, զարգացնել միջազգային հարաբերություններն ու ապահովել ազգային շահերը։

Պետության արտաքին գործառույթները ներառում են դիվանագիտական հարաբերությունների կառուցումը, միջազգային պայմանագրերի կնքումը, տնտեսական համագործակցության զարգացումը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը։ Հայաստանը, լինելով փոքր երկիր, մեծապես կարևորում է իր հարաբերությունները հատկապես տարածաշրջանային և գլոբալ ազդեցություն ունեցող երկրների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ բարդ է, քանի որ տարածաշրջանում կան լուրջ մարտահրավերներ, օրինակ՝ անվտանգության, տարածքային ամբողջականության և քաղաքական ինքնուրույնության հետ կապված խնդիրներ։ ՀՀ-ն փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել՝ պահպանելով հարաբերությունները և՛ Արևմուտքի (ԵՄ, ԱՄՆ), և՛ Ռուսաստանի հետ։ Հակամարտությունները, օրինակ՝ Ղարաբաղյան խնդիրը, մեծ ազդեցություն ունեն արտաքին քաղաքականության վրա։ Կարծում եմ՝ մեր երկիրը հաճախ դժվարանում է համահունչ գործել իր շահերին՝ տարբեր ճնշումների պատճառով։ Բայց տեսանելի է, որ ջանքեր են գործադրվում տնտեսության զարգացման, միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդման և անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությամբ։

Posted in Քաղաքագիտություն

Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

Հայաստանում կան տարբեր կուսակցություններ, որոնք զբաղվում են երկրի կառավարմամբ։ Ազգային ժողովում ներկայումս մանդատ ունեն երեք հիմնական քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ» դաշինք։ Օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում շեշտվում են ժողովրդավարությունը, որտեղ խոստանում են պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունը, խթանել տնտեսությունը՝ ներդրումներ ներգրավելով ու աշխատատեղեր ստեղծելով։ Անվտանգությունը ևս առաջնահերթություն է՝ բանակի արդիականացումից մինչև տարածաշրջանային կայունության պահպանում։ Կրթությունն ու առողջապահությունը նույնպես կարևորվում են՝ դարձնելով դրանք ավելի որակյալ և մատչելի։

Քաղաքական գիտակցությունն այն է, երբ մարդ հասկանում է, թե ինչպես է աշխատում պետությունը, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի։ Այն կարևոր է, որովհետև առանց քաղաքական գիտակցության մարդիկ չեն կարող ճիշտ ընտրություն կատարել կամ պաշտպանել իրենց իրավունքները։ Եթե մարդիկ անտարբեր են քաղաքականության հանդեպ, դա կարող է վատ հետևանքներ ունենալ, օրինակ՝ իշխանությունը կարող է աշխատել միայն իր շահերի համար, և ոչ թե ժողովրդի։

Ինչ վերաբերում է իմ քաղաքական գիտակցությանը, ես հասկանում եմ, թե ինչպես է պետությունը գործում, հետևում եմ քաղաքական իրավիճակին և մասնակցում եմ ընտրություններին։ Բայց իմ ակտիվությունը միջին է․ ես կուսակցական չեմ և հաճախ չեմ մասնակցում քաղաքական միջոցառումներին։ Կարծում եմ, որ եթե մարդիկ ավելի ակտիվ լինեն, դա կօգնի երկրին ավելի լավ զարգանալ։

Posted in Քաղաքագիտություն

1. Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը

Իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը հավասարակշռություն ապահովելն է պետության կառավարման մեջ։ Սա արվում է, որպեսզի իշխանության երեք ճյուղերը՝ օրենսդիրը, գործադիրը և դատականը, իրարից անկախ լինեն և մեկը մյուսի վրա չափազանց ազդեցություն չունենա։ Այսպես կանխվում է իշխանության կենտրոնացումը մեկ կառույցի կամ անձի ձեռքում, ինչը կարող է հանգեցնել բռնապետության։

Օրինակ՝ օրենսդիրը (Ազգային ժողովը) ընդունում է օրենքները, գործադիրը (կառավարությունը) դրանք կիրառում է, իսկ դատականը (դատարանները) հետևում է, որ օրենքները ճիշտ կիրառվեն։ Իշխանության ճյուղերն իրար վերահսկում են, ինչը կոչվում է «հակակշիռների և հավասարակշռության մեխանիզմ»։ Այսպիսով, իշխանությունների բաժանումը օգնում է, որ պետությունն ավելի արդար և ժողովրդավարական լինի։


2. Ինչպիսի՞ կառավարման մոդել ունի ՀՀ-ը, և որ՞ իշխանության ճյուղն է այսօր ավելի ազդեցիկ

Հայաստանը խառն կառավարման մոդել ունեցող պետություն է։ Սա նշանակում է, որ երկիրը միաժամանակ ունի խորհրդարանական և նախագահական կառավարման որոշ հատկանիշներ, բայց հիմնականում կառավարվում է որպես խորհրդարանական հանրապետություն։

Այս մոդելում հիմնական իշխանությունը պատկանում է Ազգային ժողովին (օրենսդիր մարմնին) և վարչապետին (գործադիր իշխանությանը)։ Նախագահի դերը խորհրդանշական է և սահմանափակված է հիմնականում ներկայացուցչական գործառույթներով։

Այսօր Հայաստանում ավելի ազդեցիկ է գործադիր իշխանությունը, որը ղեկավարում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Վարչապետը պատասխանատու է կառավարության աշխատանքի կազմակերպման և պետության զարգացման հիմնական ուղղությունների համար։ Այնուամենայնիվ, դատական իշխանության անկախությունն ու ուժեղացումը ևս կարևոր թեմա է, որը դեռևս լիարժեք չի լուծվել։